Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 1

Արարչագործության պատմությունը

1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։

2 Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։

3 Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։

4 Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։

5 Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։

6 Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։

7 Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։

8 Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ։

9 Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։

10 Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։

11 Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։

12 Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։

13 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երրորդ։

14 Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։

15 Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը»։ Եվ այդպես եղավ։

16 Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար.ստեղծեցնաև աստղերը։

17 Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը,

18 իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։

19 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր չորրորդ։

20 Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչունեցողզեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։

21 Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով՝ իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։

22 Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։

23 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր հինգերորդ։

24 Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։

25 Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։

26 Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդարարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

27 Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։

28 Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։

29 Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։

30 Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։

31 Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 2

Եդեմի պարտեզը

1 Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը։

2 Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։

3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։

4 Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը,

5 երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը,

6 այլ գոլորշի էր դուրս գալիսերկրից և ոռոգում հողի ամբողջ մակերեսը։

7 Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։

8 Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։

9 Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամպտուղներովբոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։

10 Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում։

11 Մեկի անունը Փիսոն է. հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա։

12 Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակի քար։

13 Երկրորդ գետի անունը Գեհոն է. սա հոսում է Քուշի ամբողջ երկրի միջով։

14 Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։

15 Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։

16 Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր,

17 բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։

18 Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։

19 Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։

20 Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։

21 Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։

22 Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։

23 Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։

24 Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։

25 Նրանք երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին և չէին ամաչում։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 3

Մարդու անհնազանդությունը

1 Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։

2 Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք,

3 բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։

4 Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի.

5 այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։

6 Կինը տեսավ, որ ծառիպտուղըլավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։

7 Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։

8 Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։

9 Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։

10 Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։

11 ԵվԱստվածասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։

12 Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։

13 Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։

Աստծու դատաստանը

14 Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։

15 Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։

16 Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։

17 Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։

18 Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։

19 Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

20 Ադամն իր կնոջ անունը Եվադրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրողմարդկանցմայրը։

21 Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։

Ադամն ու Եվան արտաքսվում են դրախտից

22 Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից՝ բարին ու չարը իմացող. այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի և ուտի ու հավիտյան ապրի»։

23 Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր։

24 Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացըդրեց Քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 4

Կայեն և Աբել

1 Ադամը պառկեցիր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։

2 Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։

3 Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։

4 Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից և դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին և նրա ընծային,

5 բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։

6 Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։

7 Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։

8 Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։

9 Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։

10 Տերնասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։

11 Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։

12 Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։

13 Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։

14 Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։

15 Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։

Կայենի սերունդը

16 Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։

17 Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։Կայենըմի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։

18 Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, Մաթուսայելը՝ Ղամեքին։

19 Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։

20 Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։

21 Նրա եղբոր անունը Հոբալէր,որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։

22 Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։

23 Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։

24 Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից՝ յոթանասուն և յոթ անգամ»։

Սեթ և Ենոս

25 Ադամը կրկին պառկեց իր կնոջ հետ, և նա մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ, որովհետև,- ասաց,- «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։

26 Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը դրեց Ենոս։ Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 5

Ադամի սերունդը

1 Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։

2 Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամդրեց նրանց ստեղծվելու օրը։

3 Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։

4 Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։

5 Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։

6 Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։

7 Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։

8 Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։

9 Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։

10 Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

11 Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։

12 Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։

13 Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

14 Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։

15 Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։

16 Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

17 Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։

18 Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։

19 Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

20 Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։

21 Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։

22 Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։

23 Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։

24 Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէրգտնվում,որովհետև Աստված նրան վերցրեց։

25 Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։

26 Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

27 Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։

28 Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի

29 և նրա անունը Նոյդրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։

30 Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

31 Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։

32 Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 6

Մարդկության չարությունը

1 Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց,

2 Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։

3 Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրակյանքիօրերը հարյուր քսան տարի լինեն»։

4 Այն օրերին հսկաներ կային երկրի վրա. երբ Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, նրանքորդիներէին ծնում նրանց համար։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։

5 Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։

6 Եվ Տերը զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և իր սրտի մեջ տրտմեց։

7 Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։

8 Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։

Նոյ

9 Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։

10 Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։

11 Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։

12 Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։

13 Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանցվերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։

14 Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։

15 Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն,լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։

16 Տապանին տանիքկշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։

17 Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։

18 Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։

19 Բոլոր անասուններից և բոլոր էակներից՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։

20 Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։

21 Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։

22 Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 7

Ջրհեղեղը

1 Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։

2 Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես յոթ-յոթ հատ՝ արու և էգ. իսկ այն անասուններից, որ անմաքուր են, երկու-երկու հատ՝ արու և էգ։

3 Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա։

4 Որովհետև յոթ օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ»։

5 Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։

6 Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։

7 Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք։

8 Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից

9 զույգ-զույգ՝ արու և էգ, մտան Նոյի մոտ՝ տապանի մեջ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։

10 Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։

11 Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսին, ամսի տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը, մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին, և երկնքի պատուհանները բացվեցին։

12 Անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր։

13 Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։

14 Նրանք և բոլոր կենդանիներն ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն ըստ իրենց տեսակի, ամեն տեսակ թևավոր թռչուն

15 մտան տապան՝ Նոյի մոտ, զույգ-զույգ բոլոր էակներից, որոնց մեջ կյանքի շունչ կա։

16 Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էրՆոյին։Ապա Տերըդուռըփակեց նրա ետևից։

17 Քառասուն օր ջրհեղեղ եղավ երկրի վրա. ջրերը շատացան, տապանը վեր հանեցին, և այն բարձրացավ երկրից։

18 Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա, և տապանը լողաց ջրերի երեսին։

19 Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։

20 Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։

21 Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։

22 Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։

23 Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։

24 Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 8

Ջրհեղեղի ավարտը

1 Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։

2 Անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և երկնքից անձրևը դադարեց։

3 Ջրերը գնալով քաշվում էին երկրի վրայից։ Հարյուր հիսուն օր հետո ջրերը նվազեցին։

4 Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։

5 Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։

6 Քառասուն օր հետո Նոյը բաց արեց իր կառուցած տապանի պատուհանը

7 և ագռավին արձակեց։Սադուրս եկավ և գնում ու գալիս էր մինչև ջրերի ցամաքելը երկրի վրայից։

8 Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որպեսզի տեսնի, թե ջրերն արդյոք պակասե՞լ են երկրի վրայից։

9 Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։

10 Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։

11 Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։

12 Եվ յոթ օր էլ սպասեց ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։

13 Նոյիվեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից. Նոյը տապանի ծածկը բացեց և նայեց. ահա երկրի մակերեսը ցամաքել էր։

14 Երկրորդ ամսին՝ ամսի քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ։

15 Աստված խոսեց Նոյի հետ և ասաց.

16 «Դո՛ւրս եկ տապանից, դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք։

17 Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։

18 Դուրս եկան Նոյը և իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք իր հետ։

19 Բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները և երկրի վրա բոլոր շարժվողները՝ իրենց տեսակներով, դուրս եկան տապանից։

Նոյը զոհ է մատուցում

20 Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։

21 Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցսկսած.այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանիէակի,ինչպես արեցի։

22 Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 9

Աստծու ուխտը Նոյի հետ

1 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։

2 Ձեր ահն ու ձեր երկյուղը թողլինիերկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա.դրանքձեր ձեռքն են տրվել։

3 Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։

4 Միայն միսը իր կյանքով,այսինքն՝իր արյունով չուտեք։

5 Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։

6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։

7 Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։

8 Աստված ասաց Նոյին ու նրա հետ նրա որդիներին՝ ասելով.

9 «Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ.

10 և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի, թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ։

11 Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար»։

12 Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։

13 Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։

14 Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի։

15 Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որհաստատել եմիմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։

16 Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են»։

17 Աստված ասաց Նոյին. «Սա այն ուխտի նշանն է, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող բոլոր էակների միջև»։

Նոյը և իր որդիները

18 Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն է։

19 Այս երեքը Նոյի որդիներն են, ևսրանցիցմարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։

20 Նոյն սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց։

21 Խմեց դրա գինուց, հարբեց և մերկպառկած էրիր վրանում։

22 Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին։

23 Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսները դեպի ետ էին, և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։

24 Երբ Նոյը սթափվեց իր գինուց և իմացավ, ինչ որ արել էր իրեն իր կրտսեր որդին,

25 ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»։

26 Նաև ասաց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան ծառա թող լինի։

27 Աստված ընդարձակի Հաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան»։

28 Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց երեք հարյուր հիսուն տարի։

29 Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 10

Նոյի որդիների սերունդը

1 Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։

2 Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։

3 Գոմերի որդիները՝ Ասքանաս, Րիփաթ և Թորգոմա։

4 Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներն ու դոդացիները։

5 Սրանցից բաժանվեցին ծովեզրյաազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։

6 Քամի որդիները՝ Քուշ, Միսրայիմ, Փուդ և Քանան։

7 Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Ռիգմա և Սեբեթաքա։ Ռիգմայի որդիները՝ Սաբա և Պիթան։

8 Քուշը ծնեց Նեբրոթին. սա քաջամարտիկ դարձավ երկրի վրա։

9 Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։

10 Սկզբում նա թագավորեց Բաբելոնի, Արեքի, Աքադի և Քաղանեի վրա Սենաար երկրում։

11 Այդ երկրից դուրս եկավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբովթը և Քաղան քաղաքը։

12 Նինվեի և Քաղանի միջև է Ռեսենը. սա մեծ քաղաքն է։

13 Միսրայիմը ծնեց ղուդացիներին, անամացիներին, ղաբացիներին, նեփթուքացիներին,

14 պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից սկիզբ առան փղշտացիները) և կափթորացիներին։

15 Քանանը ծնեց իր անդրանիկին՝ Սիդոնին, նաև Քետին.

16 հեբուսացուն, ամորհացուն, գերգեսացուն,

17 խևացուն, արկեցուն, սենացուն,

18 արուադացուն, սեմարացուն և ամաթացուն. դրանից հետո տարածվեցին քանանացիների ցեղերը։

19 Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։

20 Սրանք են Քամի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրներում և ազգերում։

21 Սեմին էլ որդիներ ծնվեցին. նա Հաբեթի ավագ եղբայրն էր և Եբերի որդիների նախահայրը։

22 Սեմի որդիները՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։

23 Արամի որդիները՝ Հուս, Հուլ, Գաթեր և Մաշ։

24 Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։

25 Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։

26 Հեկտանը ծնեց Եղմոդատին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին,

27 Ադորամին, Ուզալին, Դիկղային,

28 Գեբաղին, Աբիթեելին, Սաբային,

29 Օփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։

30 Սրանց բնակավայրը եղավ Մեսայից մինչև Սոփեր՝ արևելյան լեռը։

31 Սրանք են Սեմի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրների մեջ իրենց ազգերով։

32 Սրանք են Նոյի որդիների տոհմերն ըստ իրենց սերունդների և իրենց ազգերի։ Եվ սրանցից երկրի վրա տարածվեցին ազգերը ջրհեղեղից հետո։